Մայիսի տասնչորսին հայտնի դարձավ Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնություն մեկնող թիմերի նախնական կազմը: Իհարկե, այս նյութի մեջ ամբողջությամբ չենք անդրադառնա դրանց բոլորին, խնդիրը կփորձենք լուծել փուլային կարգով` այս անգամ անդրադառնալով A, B, C և D խմբերում ընդգրկվածներին: Իհարկե, խիստ ընտրողական կարգով:
A խումբ
Բրազիլական 23-ի ցուցակում այդպես էլ տեղ չգտնվեց Ռոբինյոյին, Ռոնալդինյոյին, Կակային: Այսպիսին է Լուիս Ֆելիպե Սկոլարիի ընտրությունը, որ ներման, բեկման ենթակա չէ: Խմբից ամբողջովին մարտական վիճակում են հորվաթները, որոնք մեծ սպասելիքներ ունեն Լուկա Մոդրիչից («Ռեալ») ու Մարիո Մանջուկիչից («Բավարիա»):
B խումբ
Վիսենտե դել Բոսկեն հրավիրել է երեք ֆուտբոլիստի, ովքեր իրենց ակտիվում ազգայինի կազմում հանդես գալու փորձ չունեն: Նրանք են` դարպասապահ Դավիդ դե Հեյան, Դանի Կարվախալը, Անդերա Իտուրասպեն: Իհարկե, առաջնություն կմեկնի և նատուրալացված Դիեգո Կոստան, ով Բրազիլիայի փոխարեն նախապատվությունը տվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններին: Հավաքականում տեղ չի գտնվել Իսկոյին: Հասկանալի է, որ կազմի որոշակի խմբագրումներ Բոսկեն դեռ կհասցնի անել. չմոռանանք, որ նա բոլորիս նման ու դեռ մի բան էլ ավելի, սպասում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ»-«Աթլետիկո» խաղին: Որոշակի որոնումներից հետո վան Գալը կոնկրետացել է կազմի հարցում: Համենայն դեպս ՈՒեսլի Սնեյդերը հավաքականում կա: Չիլիի ընտրանին ներկա կլինի իր երկու գլխավոր աստղերով` Արտուրո Վիդալով («Յուվենտուս») ու Ալեքսիս Սանչեսով («Բարսելոն»):
C խումբ
Կոլումբիայի ընտրանու գլխավոր գլուխկոտրուկը` Ռադամել Ֆալկաոն, կա հավաքականի ընդլայնված կազմում: Սակայն կկարողանա՞ մասնակցել մարզիկն առաջնությանը, մնում է հարցականի տակ: Պատճառը ծանր վնասվածքն է: Տեղեկացնենք, որ Ֆալկաոն համենայն դեպս մարզվում է: Սաբրի Լյամուշին կոտդիվուարցիների հավաքական է հրավիրել իսկապես աստղային մարզիկների` Կոլո Տուրե, Յայա Տուրե, Դիդիե Դրոգբա: Նրանց հետ պիտի որ հավուր պատշաճի համագործակցի Սեյդու Դումբիան: Մարտական կազմով են նաև Հունաստանի ու Ճապոնիայի ընտրանիները:
D խումբ
Օսկար Տաբարեսը ՈՒրուգվայի հավաքական է հրավիրել երեք նոր մարզիկի, սակայն հասկանալի է, որ բոլորի ուշադրության կենտրոնում Լուիս Սուարես, Էդինսոն Կավանի, Դիեգո Ֆոռլան եռյակն է: Այն հավաքականում է ու իսկական ահ ու սարսափ է դառնալու մրցակիցների գլխին:
Կոստառիկացիները Եվրոպա աշխարհամասից հրավիրել են տասնմեկ ֆուտբոլիստի, սակայն այստեղ լրջորեն զգացվելու է վնասվածք ունեցող Բրայան Օվիեդոյի պակասը: Ինչ վերաբերում է անգլիացիներին, հավաքականում չէ Էշլի Քոուլը, ով հայտարարել է ֆուտբոլում իր միջազգային կարիերայի ավարտի մասին: Իհարկե, Հոջսոնը փոխարինողի տարբերակով դեռևս դիտարկում է մարզիկի հնարավոր թեկնածությունը, բայց սա երեսուներեքամյա մարզիկի համար թույլ մխիթարանք է: Անգլիայի հավաքականում «Լիվերպուլը» ներկայացված կլինի հինգ ֆուտբոլիստով: Բնականաբար Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է իտալացիներին, այստեղ «Յուվենտուսն» է թվային գերազանցություն անողն իր վեց ֆուտբոլիստով ու ուղեղային կենտրոն Անդրեա Պիռլոյով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ